Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող էր հոդատապով տառապելիս լինել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հարավկորեական YTN հեռուստաալիքը:

«Կիմ Չեն Ընը հոդատապով է տառապում, ինչը բացատրում է նրա երկու ոտքից կաղալը: Ինչպես հասկանում եմ, հոդատապից բացի նա ունի նաեւ հիպերուրիկեմիա, հիպերլեպիդեմիա, ճարպակալում, դիաբետ եւ բարձր ճնշում», — անանուն աղբյուրի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը նշում է, որ, հնարավոր է, հյուսիսկորեական առաջնորդի առողջությունը վատացել է հաճախակի ալկոհոլ գործածելուց եւ շատակերությունից:

Ըստ աղբյուրի՝ հոդատապը Կիմերի ընտանիքում հազվադեպ բան չէ: Այս հիվանդությամբ տառապում էին նաեւ Կիմ Չեն Ընի հայրը՝ Կիմ Չեն Իրը եւ պապը՝ Կիմ Իր Սենը, ավագ եղբայր Կիմ Չեն Նամը:

Կիմ Չեն Ընը վերջին անգամ տեսախցիկների առաջ հայտնվել էր սեպտեմբերի 3-ին, երբ կնոջ հետ համերգ էր գնացել: Նախօրեին  Daily Telegraph-ը նրա տեւական բացակայությունը կապել էր առողջական վիճակի հետ: