Beeline-ը եւ ԻՏՁՄ-ն պարգեւատրեցին ԴիջիՔամփ ամառային տեխնոլոգիական ճամբարի հաղթողներին։ Օգոստոսի 10-20-ը Գեղարքունիքի Ծաղկունք հյուրատանն անցկացված ճամբարին մասնակցել են 40 երիտասարդ, որոնց ներկայացրած գործարար առաջարկներն լավագույն են ճանաչվել ընտրական փուլի արդյունքում։ Ճամբարի մասնակիցները հնարավորություն են ստացել կատարելագործել իրենց ծրագրերը՝ փորձագետների խորհրդվատության, գործարարների եւ թիմային աշխատանքի շնորհիվ։
Հանձնաժողովի որոշմամբ ճամբարի հաղթող է ճանաչվել 3 մասնակից։ ԴիջիՔամփ 2014–ին առաջին տեղը գրավեց սերմնացան ռոբոտի գաղափարը, որի հեղինակն է Սպիտակից Տիգրան Սարգսյանը: Երկրորդ մրցանակը շնորհվեց Երեւանից Դավիթ Ավետիսյանին, ով առաջարկեց «Թոփ տարիֆ» գաղափարը. ծրագիր, որը վերլուծում է բաժանորդի շարժական կապի ծառայությունների օգտագործումը եւ ստացած արդյունքների հիման վրա առաջարկում է շահավետ սակագին։ Իսկ երրորդ մրցանակին արժանացել է պաղպաղակի արտադրության ավտոմատացված սարքի գաղափարը, որը առաջարկվել է ԵՊՃՀ ռոբոտաշինության խմբակի կողմից։ Բոլոր հաղթողներն արժանացան դրամական պարգեւների, իսկ ճամբարի բոլոր մասնակիցներին հանձնվեցին ԴիջիՔամփ 2014-ի հավաստագրեր:
«Ի սրտե շնորհավորում եմ տեխնոլոգիական ճամբարի հաղթողներին եւ շնորհակալություն հայտնում բոլորին ակտիվ մասնակցության համար։ Ճամաբարի մեկնարկի առաջին իսկ օրից ես հանդիպում եմ Ձեզ հետ եւ պետք է նշեմ, որ շատ տպավորված եմ տեսնելու հենց Ձեր նման երիտասարդների, ովքեր իրենց սեփական ջանքերով եւ աշխատանքով կերտում են իրենց ապագայի կանաչ ճանապարհը, իսկ Beeline-ը կօգնի ձեր կյանքը դարձնել ավելի լավ։ Ակնկալում եմ, որ մոտ ապագայում մենք դեռ շատ առիթներ կունենաք հանդիպելու թե՛ որպես ընկերներ եւ թե՛ որպես գործընկերներ»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մեր նպատակը երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության աջակցությունն է: Ճամբարի միջավայրը էապես նպաստեց, որ երիտասարդները իրենց գաղափարների իրագործման համար գործուն թիմեր ձեւավորեն եւ ստացած փորձի հիման վրա իրագործեն սեփական բիզնես գաղափարները»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ճամբարի մասնակիցներն առավել հետաքրքիր գաղափարների իրականացման նպատակով աշխատանքային թիմեր էին կազմել, ներկայացրել բիզնես պլան, մարքեթինգային ծրագիր եւ գաղափարը բիզնեսի վերածելու համար հնարավորինս ավարտուն տեսք: Գործարար առաջարկներն ներկայացվել են հանձնաժողովի անդամներին։ ԴիջիՔամփ 2014-ի հաղթող թիմերին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու հոկտեմբերի 3-5-ը կայանալիք ԴիջիԹեք 2014 տասերորդ հոբելյանական միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին:
Հիշեցնենք, որ Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն եւ կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես եւ իրագործելու սեփական ծրագրերը։ ԴիջիՔամփ ձեռներեցության ամառային ճամբարի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ հետեւելով digicamp.digitec.am հղմանը:




























