Երևանի «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն «անասուն է», որովհետեւ կոտրել է տոնավաճառի աշխատակիցների սեղանները: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հրազդանում եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Արդյո՞ք գործող իշխանությունն էր մեղավոր, որ մի անասուն, անասնակերպ կենդանի ոսկու շուկայում ջարդեց տաղավարները: Եթե իշխանությունն ունի քաղաքական կամք, ապա նման անասնակերպ կենդանուն պետք է պատժի: Արդյո՞ք Սահմանադրությունն է մեղավոր այս հարցում: Արդյո՞ք Սահմանադրությունն է մեղավոր, որ փոքր եւ միջին ձեռնարկատերերին այսպիսի դրության մեջ են դնում: Արդյո՞ք Սահմանադրությունն է մեղավոր, որ մարդիկ արտագաղթում են: Եթե իշխանություններն ունեն քաղաքական կամք, ապա թող լինի մեկ անգամ արդար ընտրություն»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այսօր Հայաստանի միակ խնդիրը գործող իշխանությունն է:
«Եթե ձեզ դուր է գալիս, որ մի կենդանակերպ մարդ կարող է իր աշխատողներին վերաբերվել վասալի, ստրուկի նման, ապա շարունակեք հանդուրժել այս իրավիճակը: Նրանք, ովքեր եկել են այստեղ՝ ոչ պրովակացիա անելու համար, ապա միացեք մեզ եւ հոկտեմբերի 10-ին միասին պայքարենք»,- ավելացրեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ շեշտելով, որ չարժե տանը նստել եւ հայտարարել, որ քաղաքական ուժերն իրենց փոխարեն կպայքարեն:
Նշենք, որ Վաղարշ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան ջարդուփշուր են արել շուկայի աշխատակիցներից մի քանիսի սեղանները՝ որպես նախազգուշացում այն աշխատակիցներին, ովքեր պատրաստվում են մասնակցել «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ կառավարության մոտ ընթացող՝ տոնավաճառների առեւտրականների բողոքի ակցիային։




























