Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ որեւէ տարաձայնություն չկա: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հրազդանում եռյակի համատեղ հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Իշխանությունն ուզում է, որ մեր միջեւ տարաձայնություն լինի, բայց նման բան չկա, իրենց ուզածը երբեք չի լինի: Բայց իմ եւ Լեւոն Զուրաբյանի միջեւ որոշակի տարաձայնություն կա: Իշխանամետ քաղաքագետներն ասում են, թե ինչի իշխանափոխություն չենք պահանջում: Սիմոնին կբերեն, Պողոսին կտանեն: Այս դեպքում մենք տարաձայնություն ունեցանք. ես կարծում եմ Գալուստ Սահակյանին կբերեն, իսկ Լեւոն Զուրաբյանը մտածում է՝ Սուրիկ Խաչատրյանին կբերեն»,- հեգնեց նա:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք իշխանափոխություն են պահանջում, որովհետեւ Սուրիկ Խաչատրյանի նմաններն իրավունք չունեն պաշտոն զբաղեցնելու:

«Գնդապետին գնդակահարող մարդն իրավունք չունի մարզպետ նշանակվել, սա վտանգ է մեր անկախությանը, բանակին, զինվորին»,- ավելացրեց նա:

Նշենք, որ սա եռյակի երկրորդ մարզային հանրահավաքն է: Առաջինը տեղի է ունեցել Աբովյանում: