Սահմանադրական բարեփոխումների միջոցով Սերժ Սարգսյանը ցանկանում է ցմահ մնալ իշխանության: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հրազդանում եռյակի համատեղ հանրահավաքի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Սերժ Սարգսյանն ուզում է իշխանություն եւ փող: Այլ ցանկություն այս վարչակազմը չունի: Դրա համար են մոգոնել սահմանադրական բարեփոխումները, որը փորձ է՝ ապահովելու Սերժ Սարգսյանին իշխանության պահելու ցմահ: Իսկ մենք այլ բան ենք ուզում: Մենք ուզում ենք բարեկեցիկ կյանք ապահովել Հայաստանում: Այս երկու ցանկությունները խորը հակասությունների մեջ են գտնվում»,- ասաց նա:

Արման Մուսինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի ցանկությունները թշնամական հակասությունների մեջ են հայ ժողովրդի ցանկությունների հետ:

«Երկրորդ հարցն այն է, թե ինչ կարող է անել Սերժ Սարգսյանը եւ ինչ մենք բոլորս: Այստեղ Սերժ Սարգսյանի բանը բուրդ է. եթե մենք անենք, այն ինչ ուզում ենք, ապա Սերժ Սարգսյանը ոչինչ անել չի կարող: Ի՞նչ պետք է անել դրա համար: Մեր բոլոր իղձերի մեջտեղում կանգնած է Սերժ Սարգսյանը: Կա մեկ տարբերակ՝ բոլորս հոկտեմբերի 10-ին պետք է լինենք Ազատության հրապարակում»:

ՀԱԿ մամուլի խոսնակը նորից շեշտեց, որ հենց այդ օրն էլ կհեռանա Սերժ Սարգսյանն ու նրա վարչակազմը, իսկ դա դժվարին բան չէ:

Նշենք, որ սա եռյակի երկրորդ հանրահավաքն է, առաջինը տեղի է ունեցել Աբովյանում, սեպտեմբերի 25-ին: