ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանին: Հանդիպման նպատակն էր հայ-բրազիլական առեւտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը եւ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի քննարկումը:

Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սարգիս Կարամեկյանը տեղեկացրել է, որ վերջերս Սան-Պաուլո քաղաքում ստեղծվել է Բրազիլիա-Հայաստան առեւտրային պալատ, որը հետաքրքրված է Հայաստանում արտադրվող ագրոպարենային ապրանքների արտահանմամբ դեպի Բրազիլիա: Նա նշել է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում ծանոթացել է տեղական արտադրատեսակներից շատերին եւ համոզված է, որ դրանք մրցունակ տեղ կարող են գրավել բրազիլական շուկայում:

Համակարծիք լինելով հյուրի հետ` նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է պարոն Կարամեկյանին 2015 թվականին Սան-Պաուլոյում կազմակերպել հայ-բրազիլական բիզնես-ֆորում, որը հնարավորություն կընձեռի կողմերին ծանոթանալ երկու երկրներում թողարկվող պարենային ապրանքներին եւ խթան կհանդիսանա գործարար կապերի հաստատմանը:

«Հայաստանն ունի հնարավորություններ Բրազիլիա արտահանելու գինիներ, հյութեր, պահածոներ եւ այլն: Վստահ եմ, որ հայկական արտադրանքը մեծ հետաքրքրության կարժանանա բրազիլական շուկայում»,-նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաեւ նպատակահարմար է համարել մշակել եւ նախապատրաստել ստորագրման երկկողմ համագործակցության համաձայնագիր: