Չեմ կարծում, որ այս պահին կարելի է խոսել Հայաստանի տնտեսության վրա ԵՄ կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Նրա խոսքով՝ ԵՄ շուկան հետաքրքրված է հայկական արտադրանքներով:
«Հայկական արտադրանքի նկատմամբ հետաքրքրության շնորհիվ է, որ ստեղծվել են այնպիսի մեխանիզմներ, ինչպիսին է GSP+-ը: Նման մեխանիզմները նպաստել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրային հարաբերությունների զարգացմանը»,-ասել է դեսպանը:
Պատասխանելով ԵՄ-ում հայկական արտադրանքի արտահանման ծավալների 4,9 տոկոսով նվազման մասին հարցին, Հրիսթեան նշել է, որ որոշակի տատանումներն առեւտրում նորմալ երեւույթ են: Միտումների մասին խոսելու համար թվերը պետք է դիտարկվեն առավել երկարաժամկետ հեռանկարում:
«Հայաստանի համար հիմա կարեւոր է օգտվել ԵՄ կողմից առաջարկված գործիքներից ու մեխանիզմներից, իսկ տոկոսների վերլուծությունը պետք է կատարվի այն ժամանակ, երբ կլինի որոշակի միտում»,-ընդգծել է դեսպանը:




























