Կան համագործակցության բնագավառներ, որտեղ Հայաստանը կարող է գործընկերություն զարգացնել ԵՄ հետ՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը: Այդ մասին սեպտեմբերի 26-ին Հայաստանում ԵՄ ակումբի երրորդ միջոցառման ընթացքում հայտարարել է Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

«Մենք պատրաստ ենք խորացնել այն ոլորտները, որտեղ չենք հանդիպի խոչընդոտների: Հնարավոր է շարունակել համատեղ ծրագրերը»,- հայտարարել է նա:

Մելքոնյանն ընդգծել է, որ ԵՄ-ն առեւտրի տեսակետից կարեւոր գործընկեր է՝ հավելելով, որ Հայաստանի ապրանքաշրջանառության մեկ երրորդ մասը բաժին է ընկնում ԵՄ-ին, այսինքն հարկավոր է պահպանել ձեռբերվածը:

Բացի այդ, Հայաստանը շարունակում է նախապատվությունների «GSP+» ծրագրի շահառու լինել, եւ ոչինչ չի կարող փոխել սա: