Երեւանի հետիոտնային անցումներում տեղադրված ձայնային լուսակիրները տեսողության խնդիրներ ունեցողներին ոչ այնքան օգնում, որքան նրանց համար հավելյալ դժվարություններ են առաջացնում: Տեսողական խնդիր ունեցող Հակոբ Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ ձայնային լուսակիրների ձայնը շատ ցածր է, ինչի պատճառով փողոցն անցնելն իր համար փորձության է վերածվում:

«Ձայնն այնքան թույլ է, որ երբ մեծ ավտոբուսներն անցնում են, գրեթե չի լսվում: Մարդը պիտի ձայնի վրա գնա, գտնի, ուշադիր լինի, իսկ այդ ընթացքում տեսողության խնդիր ունեցող մարդը սթրեսի մեջ է ընկնում, հոգեբանական լարվածություն է առաջանում»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Հակոբի խոսքով` իր նման խնդիր ունեցողի համար ամենամատչելի փոխադրամիջոցը մետրոն է, սակայն մետրոյում տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար համապատասխան պայմաններ չկան:

«Մետրո հասնելը, մետրոյից դուրս գալը մեծ խնդիրների հետ է կապված, որովհետեւ օգնող, հուշող ոչինչ չկա: Գետնի վրա հարմարություններ պիտի լինեն, որպեսզի ես փայտով զգամ եւ կարողանամ հեշտությամբ տեղաշարժվել»,- ասաց նա։

Հակոբը երթուղայինները տեսողական խնդիրներով մարդկանց համար ավելի մատչելի դարձնելու վերաբերյալ առաջարկներ ունի, դրանց մասին մինչեւ այժմ էլ շատ է բարձրաձայնել, սակայն անօգուտ:

«Ավելի լավ է՝ մի բարձրախոս լինի հարմարեցված, որ երբ երթուղայինները գալիս են կանգառ, համարն ուղղակի ասվի, որպեսզի մարդիկ իմանան, թե որ համարի երթուղայինն է ժամանել»,- ասաց նա: