Սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան ամերիկյան զինուժն իր կոալիցիոն գործընկերների օժանդակությամբ հրթիռակոծության ենթարկեց Սիրիայի տարածքում գտնվող մի շարք թիրախներ, այդ թվում «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կառույցի տեղակայման վայրերը, ռազմակայանները եւ այլն: Սակայն, արդյոք ԱՄՆ  ռազմաօդային ուժերի հարձակումն ուղղված էր միայն Սիրիայի տարածքում գտնվող ԻՊ-ի դիրքերին:Կոալիցիոն զինուժի գործողություններից անմիջապես հետո տեղեկություններ տարածվեցին առ այն,որ Սիրիայում օդային հարձակման են ենթարկվել ոչ միայն ԻՊ-ի, այլեւ իսլամական ծայրահեղ արմատական մեկ այլ կառույցի` «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի (ՋՆ) դիրքերը հյուսիսային Իդլիբ եւ Հալեպ նահանգներում, ավելին` տեղեկություններում նշվում էր, որ ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից հրթիռակոծվել են ՋՆ-ի կազմի մեջ մտնող «Խորասանի խմբավորման» կայանատեղիները:

Մինչ այդ ոչ այդքան հայտնի «Խորասանի խմբավորման» մասին տեղեկություններ շատ քիչ էին շրջանառվում: Միայն սեպտեմբերի 20-ին, Սիրիայում իսլամականների դիրքերի հրթիռակոծությունից երեք օր առաջ, վերոհիշյալ կառույցի մասին աղաղակող հայտարարություններով հանդես եկավ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը` նշելով, որ ԱՄՆ-ի համար հավասարապես սպառնալիք են հանդիսանում ինչպես ԻՊ-ը, այնպես էլ` «Խորասանի խմբավորումը»:

Ինչ է իրենից ներկայացնում «Խորասանի խմբավորումը»

Խմբավորման անվանման հետ կապված զանազան կարծիքներ են շրջանառվում, որոնցից մեկի համաձայն` իսլամական  ծայրահեղ արմատականության մեջ Խորասան անվանումը կապվում է ջիհադականների շրջանում մեծ տարածում ունեցող այն հադիսի (Մուհամմադ մարգարեի խոսքերի եւ արարքների ավանդապատումները) հետ, համաձայն որի, երբ իսլամականները նկատեն Խորասանի (պատմական Խորասանի տարածքը համարվում է Իրանի, Պակիստանի, Աֆղանստանի տարածքները) կողմից եկող սեւ նշաններ, ապա նրանք պետք է միանան դրանց, քանզի այդ նշանների տակ քայլում է Ալլահի խալիֆը` մահդին: Որոշ ծայրահեղ իսլամական ուղղությունների քարոզչության մեջ դրսեւորվում է այն փաստը, որ «ալ-Կաիդա»-ի նշանը սեւ գույն ունի, եւ ստեղծվել էր աֆղանական տարածքում, որը որոշ չափով մտնում է պատմական Խորասանի մեջ: Այս առումով շատ իսլամականների համար Ալլահի խալիֆը` «ալ-Կաիդա»-ի հիմնադիր եւ ղեկավար Ուսամա բեն Լադենն է, որի գալուստը Խորասանից դեռեւս կանխորոշվել է Մուհամմադ մարգարեի կողմից) համալրված է «ալ-Կաիդա»-ի (ԱԿ) ավագ սերնդի մոտ 50 ջիհադականներով Պակիստանից, Աֆղանստանից, Եմենից եւ այլն, որոնք եղել են ԱԿ-ի ղեկավարների` Ուսամա բեն Լադենի եւ Այման ազ-Զաուահիրիի զինակիցները դեռեւս Աֆղանստանից):

Կառույցը ղեկավարվում էր քուվեյթցի Մուհսին ալ-Ֆադլիի կողմից (ըստ որոշ տեղեկությունների` ալ-Ֆադլին եւ խմբավորման առանցքային դեմքերից Աբու Յուսուֆ ալ-Թուրքին նույնպես սպանվել են հրթիռակոծության հետեւանքով): Մուհսին ալ-Ֆադլին համարվում է ԱԿ-ի առաջնորդների մերձավորներից, եւ այն քչերից մեկը ԱԿ-ի ղեկավար շրջանակում, ով տեղյակ է եղել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների մասին: 2000-ական թթ. կեսերից ալ-Ֆադլին հայտնվում է Իրաքում՝ դառնալով ԱԿ-ի ճյուղավորումը հանդիսացող «ալ-Կաիդա-ն Իրաքում» իսլամական արմատական խմբավորման առաջնորդ Աբու Մուսաբ ազ-Զարկաուիի մերձավորը, կազմակերպելով նաեւ Իրաքում իրականացվող ջիհադական պայքարի ֆինանսական ապահովումը:

2012թ. ալ-Ֆադլին իր զինակիցների հետ Թուրքիայի տարածքով տեղափոխվում է Սիրիա՝ իր կապերն օգտագործելով հատկապես Ծոցի հարուստ միապետություններից եկող ֆինանսական միջոցները սիրիական հակամարտությունում բաշխելու համար: Ալ-Ֆադլին, համախմբելով ավագ սերնդի ԱԿ-ի զինյալներին հիմնականում Սիրիայի Հալեպի եւ Իդլիբի նահանգներում, եւ ստանալով Այման ազ-Զաուահիրիի անմիջական հրահանգը տեղում ջիհադական պայքարը կազմակերպելու եւ նոր ջիհադականներին հավաքագրելու առումով,  Սիրիայում ԱԿ-ի ճյուղավորումը հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման կազմում ստեղծում է «Խորասանի խմբավորումը»:

Այդ խմբավորման խնդիրը Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու, ՋՆ-ի, կամ սիրիական հակամարտության ընթացքում իսլամական արմատական խմբավորումների մեջ ծագած խնդիրների վրա սեւեռվելու մեջ չէր: Խմբավորումը կենտրոնացած էր աշխարհի տարբեր հատվածներից Սիրիա ժամանող ջիհադականներին (հատկապես այն ջիհադականներին, ովքեր Սիրիա էին տեղափոխվում ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից եւ այլն) հավաքագրելու եւ նաեւ վերջիններիս մասնակցությամբ արեւմտյան երկրներում ահաբեկչական գործողություններ իրականացնելու վրա: Այդ ահաբեկչական գործողութունները պահանջված էին ԱԿ-ի ղեկավարության համար իսլամական ծայրահեղ արմատական տիրույթում սեփական դիրքերն ամրապնդելու ու որպես հակակշիռ ի հայտ եկած ԻՊ-ի համեմատ ԱԿ-ի հեղինակության բարձրացման առումով:

Ըստ ամերիկյան հետախուզության տվյալների` «Խորասանի խմբավորումը» (հատկապես նրա եմենական թեւը ներկայացնող անդամները) հաջողություններ էին արձանագրել առանց մետաղական բաղադրիչի ռումբեր եւ նոր ինքնաշեն պայթուցիկներ (որոնք օրինակ հեշտ չեն հայտնաբերվում ուղեւորների ուղեբեռում օդանավակայաններում, կայարաններում եւ այլն) պատրաստելու մեջ, եւ կառույցն արդեն պատրաստվում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել ԱՄՆ-ում եւ եվրոպական որոշ երկրներում: Ամերիկյան ուժային կառույցների կողմից արդեն նախապատրաստվում էին «Խորասանի խմբավորման» դեմ գործողություններ, որոնց կյանքի կոչման հարմար առիթը եղավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշումը` հարվածել ԻՊ-ին նաեւ Սիրիայում:

Չմոռանանք նաեւ, որ ամերիկյան ռազմաօդային հարվածները տեղի ունեցան այն ժամանակ, երբ ՋՆ-ն (որի կազմում էր «Խորասանի խմբավորումը») աստիճանաբար ստանձնում էր առանցքային դերակատարություն Իդլիբի եւ Հալեպի նահանգներում` իր շուրջը համախմբելով այլ իսլամական խմբավորումների: Նույն հարթության մեջ կարելի է դիտարկել նաեւ Իդլիբի նահանգում սեպտեմբերի 9-ին սիրիական հակամարտության մեջ ներքաշված առանցքային խմբավորումներից մեկի` «Ահրար աշ-Շամ» իսլամական արմատական կառույցի  ղեկավար շրջանակի սպանությունը: Արեւմուտքի հետաքրքրության շրջանակներում է այս տարածքներում իր համար կանխատեսելի ուժերին` սիրիական հակամարտության մեջ ներգրավված առավել աշխարհիկ շրջանակներին տեսնելը` թուլացնելով իսլամական ծայրահեղ արմատական ներուժը:

Ինչեւէ՝ սեպտեմբերի 23-ին Սիրիայում հրթիռակոծվեցին նաեւ «Խորասանի խմբավորման» դիրքերը, որի մասին անգամ խոսեց ԱՄՆ նահագահ Բարաք Օբաման՝ նշելով, որ ամերիկյան ուժերի կողմից հրթիռակոծվել են նաեւ «Խորասանի խմբավորման» թիրախները՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ին սպառնացող ցանկացած վտանգ ոչնչացվելու է:

Ահա այդ էր պատճառը, որ Սիրիայում ամերիկյան օդային հարվածներից հետո շատ սկսեց խոսվել այն մասին, որ ԱՄՆ թիրախը ոչ այնքան ԻՊ-ն էր, այլ՝ «Խորասանի խմբավորումը»: