Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդու գործով դատավարությունն ավարտվեց. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Քոթանջյանին դատապարտել է 1 տարվա ազատազրկման՝ դատավճիռը պայմանականորեն չկիրառելով եւ նրա հետագա վարքի նկատմամբ սահմանելով փորձաշրջան: Այս մասին NEWS.am-ին ասաց Սամվել Քոթանջյանի փաստաբան Հրանտ Անանյանը:
«Մենք ընդունեցինք առաջադրված մեղադրանքները: Սամվելը մեղավոր ճանաչվեց 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ տուգանվեց 50 հազար դրամով: Ւսկ երկրորդ մեղադրանքով՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, նշանակվեց 1 տարվա ազատազրկում, որը կիրառվեց պայմանական: Սրա համար հիմքեր հանդիսացան հանգամանքները, որ նախ գործով տուժող չկար, բացի դրանից Սամվել Քոթանջյանն օդ կրակելով կանխել է մի իրականություն, որի հետեւանքները կարող էին ծանր լինել»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ 24-ամյա Սամվել Քոթանջյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք կրելու եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: Նա ազատ է արձակվել երկու պատգամավորների՝ ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի եւ Գագիկ Մելիքյանի անձնական երաշխավորությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Քոթանջյանը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ եւ 1 գնդակ: Հունիսի 10-ի երեկոյան օդ կրակած Սամվել Քոթանջյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:




























