Վանաձորում հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը Վերաքննիչ քրեական դատարանը կքննի սեպտեմբերի 29-ին կամ 30-ին: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Մհեր Դավթյանը:

«Դատարանը պաշտպանական կողմի պատասխանին է սպասում: Մեր ծանրաբեռնվածությունից է կախված, թե հստակ որ օրը կնշանակվի նիստը: Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս նիստից»,- ասաց նա:

Մհեր Դավթյանի խոսքով՝ նախաքննությունը դեռ չի ավարտվել:

Նշենք, որ ըստ նախնական մեղադրանքի՝ Վլադիմիր Ղուկասյանը թերացել է իր աշխատանքում, որն էլ առաջացրել 15-ամյա տղայի մահը: Բժշկի համար երաշխավորել են Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Կարեն Սարիբեկյանն ու Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որպես գրավ էլ առաջարկվել է 60 մլն արժողությամբ առանձնատուն Վանաձորում: 

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին եւ պատճառել մահ: Կարեն Կ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: