Գորիսի քաղաքապետ, Սուրիկ Խաչատրյանի մտերիմ Վաչագան Ադունցը հերքում է, որ ինքը քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներին հրահանգել է մեկ մարդու նման սեպտեմբերի 26-ին Զանգեր կոչվող տարածքում դիմավորել նորանշանակ մարզպետին:

«Ես զարմանում եմ, որ կարելի է նույնիսկ այդպիսի բան հարցնել, այդպիսի բան մտածել: Ակնհայտ էր, որ գորիսեցիները շատ ուրախ տրամադրությամբ են գնացել ու դիմավորել մարզպետին: Ինքս նույնիսկ քաղաքում չեմ եղել, այլ Սյունիքի սահմանին, որտեղից էլ միացել եմ Սուրիկ Խաչատրյանին»,- NEWS.am-ի հետ զրույցում պնդեց այս տարվա հունիսից քաղաքապետ ընտրված Վաչագան Ադունցը:

Հարցին, թե արդյոք նորընտիր քաղաքապետին չի մտահոգում, որ գորիսեցի գործարարները սպառնում են այլեւս ներդրումներ չկատարել, վերջինս պատասխանեց. «Միայն Տիգրան Կարապետյանն է նման բան ասել, իսկ իր արած ներդրումներից ես տեղյակ չեմ: Թող ասի, թե ինչ ներդրում է արել, հետո ասի, թե ինչի այլեւս չի անելու: Տնտեսությամբ զբաղվող, երկրի համարը սիրտը ցավող մարդու վրա ղեկավարի փոփոխությունը չպետք է ազդի: Տիգրան Կարապետյանը շարժվում է սեփական ամբիցիաներով, իսկ նման ամբիցիաներով ներդրումներ անողներ մեզ պետք չեն: Դեռ ընտրական քարոզարշավի ժամանակ ես Տիգրանին Կարապետյանին եւ մյուս թեկնածուներին առաջարկել եմ միավորվել, միասին պայքարել Գորիսի բարեկեցիկ կյանքի համար, բայց իր կողմից դեռեւս արձագանք չեմ ստացել: Տիգրան Կարապետյանն ամբիցիաներով է շարժվում»:

Նշենք, որ Գորիսի խոշոր ընկերություններից մեկի՝ «ԳԱՄՄ» ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Լիսկայի նշանակումով ինքը դադարեցնում է ներդրումները Գորիսում: Ի դեպ, Տիգրան Կարապետյանը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմ ընկերն է: