Կոտայքի մարզպետարանը հերքում է տեղեկությունները, թե իրենք հրազդանցիների վրա ճնշումներ են գործադրել եւ ստիպել չմասնակցել Հրազդանում սեպտեմբերի 26-ին կայացած ոչ իշխանական եռյակի հանրահավաքին:

«Չեմ կարող մեկնաբանել, թե ինչու են պատգամավորները նման տեղեկատվություն տարածել, որովհետեւ իրականության չհամապատասխանող լուրեր են: Մենք ինչպե՞ս կարող ենք մարդկանց ճնշել, ոտնահարել նրանց իրավունքները: Յուրաքանչյուր ոք ազատ տեղաշարժվելու իրավունք ունի եւ կարող է անել այն, ինչ ուզում է: Եռյակը երեւի վրդովվել է, որ այսքան քիչ մարդ է գնացել իրենց հանրահավաքին»,- NEWS.am-ին հայտնեցին մարզպետարանից:

Նրանք հերքեցին նաեւ, որ հանրահավաքին սադրիչներ են եղել. «Ի՞նչ սադրիչ, նման բան չի եղել»:

Նշենք, որ եռյակի հանրահավաքի ժամանակ առաջին շարքերում կանգնած կանայք ամեն կերպ խանգարել են ելույթ ունեցողներին, պահանջել հեռանալ, քանի որ «իրենց միակ նախագահը Սերժ Սարգսյանն է»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում ասել էր. «Դուք շատ գեղեցիկ տիկին եք, Ձեզ եմ ողջունում անձամբ, բայց ուզում եմ Ձեզ ուղարկողներին ասել, որ իրենց շալվարներն էլ Ձեզ հետ ուղարկեին, որովհետեւ համոզված եմ, որ ուրիշ դեպքերում էլ իրենց կանանց կուղարկեին»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հանրահավաքի սակավաթիվ լինելը բացատրեց մարզպետի ճնշումներով: