Կատաղության դեմ պայքարի միջազգային օրը (World Rabies Day) հիմնադրվել է Կատաղության դեմ պայքարի համաշխարհային դաշինքի (Global Alliance for Rabies Control) կողմից ու նշվում է ամեն տարի սեպտեմբերի 28-ին՝ սկսած 2007թ.-ից, առողջապահական շատ կազմակերպությունների մասնակցությամբ:
Օրը կոչված է հասարակությանը հիշեցնել այս հիվանդության խնդիրների ու դրա հետեւանքների մասին: Ամսաթիվը պատահական չէ. 1895թ. այդ օրը վախճանվել էր Լուի Պաստերը՝ հայտնի միկրոկենսաբան, ով կատաղության դեմ պատվաստանյութի ստեղծողներից մեկն էր:
Վարակիչ հիվանդությունների շարքում կատաղությունը գրավում է հատուկ տեղ մահացության դեպքերի թվով, քանի որ եթե առաջին ժամերին մարդուն օգնություն չտրամադրվի, ապա նրան փրկելն անհնար է: Դաշինքի տվյալով՝ ամեն տարի կատաղությունից մահանում է 55 հազար մարդ կամ միջինը՝ 1 մարդ ամեն 10 րոպեն մեկ, հայտնում է Calend-ը:
Միաժամանակ, այսօր բժիշկների տրամադրության տակ կան ապահով եւ արդյունավետ պատվաստանյութեր, որոնք ունակ են կանգնեցնել մարդու օրգանիզմում հիվանդության զարգացումը:
Իմունակենսաբանական պատրաստուկներով պատվաստումը կենդանուց տուժելուց մի քանի ժամ անց թույլ է տալիս կանխել մահացու ելքը: Ըստ վիճակագրության՝ ամեն տարի պատվաստվում է 15 մլն մարդ, սակայն դեղորայքի բարձր արժեքը զարգացող շատ երկրներում մատչելի չէ բնակչությանը:




























