Ոսկու շուկայում սեպտեմբերի 25-ին շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի կողմից վաճառասեղաններ կոտրելը վանդալիզմ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողներին ասաց «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը:

«Սա վանդալիզմ է, այսօր կան սեփականատերեր, բայց չկան ստրկատերեր, այդ մարդիկ ստրուկ չեն,  որ իրենց` ասեն գնան, թե չգնան հանրահավաքի մասնակցելու: Իսկ սեղան կոտրելով ոսկու շուկայի սեփականատերը փորձել է ճնշել նրանց, որ չմիանան կառավարության մոտ փոքր ձեռներeցների ակցիային»,-ասաց նա:

 Միության նախագահի խոսքով՝ Ոսկու շուկայի այն աշխատակիցները, որոնք, այնուամենայնիվ, մասնակցել են բողոքի ակցիային, արդեն զգուշացվել են, որ նրանց հետ 15 օրից պայմանագրերը խզվելու են:

Ստեփան Ասլանյանը նաեւ նշեց, որ իրենք կատարվածի վերաբերյալ իրազեկել են ՄԻՊ-ին եւ սպասում են համապատասխան գնահատականի:

Նրա խոսքով՝ Ոսկու շուկայի աշխատակիցները վախից է, որ ոստիկանություն չեն դիմել, քանի որ նրանք հաց են վաստակում ու վախենում են կորցնել իրենց տեղը:

«Եթե մենք կարողանանք նրանցից համաձայնություն վերցնել, եւ խնդիրը բարձրաձայնել,ավելի լավ կլինի»,-ասաց Ստեփան Ասլանյանը:

Նա նաեւ կոչ արեց Հայաստանում բոլոր առողջ քաղաքական ուժերին դատապարտել եւ տալ համապատասխան գնահատական Ոսկու շուկայում կատարվածին: