Չեխիայի Սենատում 2015թ.-ին կքննարկվի Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ-ի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Չեխիա այցի ընթացքում արծարծվել են Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի բոլոր հարցերը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, ղարաբաղյան խնդրի հայամետ լուծումը, մարդատյացության դեմ պայքարը: Խորհրդարանի փոխնախագահը նաեւ նշեց, որ բոլոր պաշտոնական այցերի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Սիրիայի «Սրբոց նահատակաց» հայկական եկեղեցու պայթեցմանը: «Չեխիայի հոգեւոր առաջնորդը դատապարտել է այդ բարբարոսությունը, այն խստորեն դատապարտվել է նաեւ Չեխիայի Սենատի մեր գործընկերների կողմից», - ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Չեխիայում Հայոց ցեղասպանության թեման միշտ գրեթե տաբու է եղել: «Սակայն այսօրվա դրությամբ, ինչպես մեր դեսպանատան, այնպես էլ պատգամավորական պատվիրակության աշխատանքների արդյունքում, Չեխիայի Սենատում բազմաթիվ պատգամավորներ պատրաստ են Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնել Պատգամավորների պալատում» - նշեց Էդուարդ Շարմազանովը:




























