«Շրջանառության հարկի մասին» օրենքում թերությունն այն է, որ խոշոր հարկատուները ապրանքի վաճառելու մասին փաստաթուղթ չեն տրամադրելու փոքր հարկատուին, ինչից տուժելու է փոքր հարկատուն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողներին ասաց «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ» Ստեփան Ասլանյանը:
«Եթե այդքան լավ բան է շրջանառության հարկը, որ ասում են 3.5 տոկոսից նվազեցվում է 1.5 տոկոսի, ապա ի՞նչն է պատճառը, որ հազարավոր ձեռներեցներ դեմ են: Խնդիրը փաստաթղթավորման հետ է կապված, որովհետեւ մեծ հարկատուները փոքրերին հաստատ չեն տրամադրելու փաստաթուղթ»,-ասաց նա:
Ստեփան Ասլանյանի խոսքով՝ փոքր եւ միջին ձեռներեցները չեն խուսափում հարկ վճարելուց, սակայն այս փոփոխություններով միայն նրանց վնաս են տալու եւ շատերը չեն աշխատելու օրենքի կիրառումից հետո:
Ստեփան Ասլանյանի կարծիքով՝ օրենքը այսօր միայն ծառայելու է խոշոր բիզնեսի զարգացմանը, եւ փոքր եւ միջինի ոչնչացմանը:
«Մեր տնտեսությունը փոքր է, եւ այստեղ մրցակցություն գրեթե չկա, ուղղակի խոշոր հարկատուները ցանկանում են դուրս մղել միջին եւ փոքր ձեռներեցներին, որ ամբողջ շուկան իրենք տիրապետեն»,-ասաց նա:
Միության նախագահը նաեւ հիշեցրեց, որ սեպտեմբերի 29-ին տոնավաճառների աշխատողները հավաքվելու են ԱԺ շենքի մոտ, որպեսզի պահանջեն «Շրջանառության հարկի մասին օրենքում» փոփոխություններ:




























