Չեխիայի իշխանությունները ղարաբաղյան հարցի կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով: Այս մասին սեպտեմբերի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի  ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հայկական խորհրդարանական պատվիրակության Չեխիա այցին:

Ըստ նրա՝ Հայկական պատվիրակության անդամները չեխ գործընկերներին մատնանշել է Շոտլանդիայի հանրաքվեի օրինակը: «Նրանք համաձայնել են հայկական պատվիրակության այն փաստարկներին, որ չի կարելի ղեկավարվել երկակի ստանդարտներով եւ որ դրանք այլեւս անթույլատրելի են: Չեխ պատգամավորները համաձայնել են՝ Շոտլանդիայի հանրաքվեն ցույց տվեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքը անվիճարկելի փաստ է», - ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, Շոտլանդիայի հանրաքվեն անցկացվել էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 18-ին, բնակչության 55% -ը դեմ էր քվեարկել անկախությանը: Սակայն մնացած 45%-ը՝ 1 մլն 600 հազար մարդ կողմ էր եղել: