Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին կհուղարկավորեն Կանադայում՝ հոր եւ մոր կողքին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ նրա մարմինը հանձնել են եղբայրներին, որպեսզի տանեն արտերկիր: Սերոբ Տեր-Պողոսյանի կինը եւս գտնվում է արտերկրում:

NEWS.am-ի աղբյուրները նաեւ հայտնեցին, որ Սերոբ Տեր-Պողոսյանի հարազատները լիազորել են շարունակել հայցի քննությունը ՄԻԵԴ-ում: Իսկ հայցը վերաբերում է նրան պատժից ազատելուն, մասնակորապես՝ ունենալով 4-րդ աստիճանի քաղցկեղ, իրավապահ մարմիններն իրավունք չունեին Սերոբ Տեր-Պողոսյանին պահել անազատության մեջ, քանի որ օրենքը թույլատրում է սկսած 3-րդ աստիճանի քաղցկեղից մարդուն չպահել անազատության մեջ:

Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը օգոստոսի 21-ին հիվանդանոց էր տեղափոխվել հերթական քիմիաթերապիայի կուրսն անցնելու նպատակով: Իսկ սեպտեմբերի 21-ին ժամը 09:05-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Սերոբ Տեր-Պողոսյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012թ նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել մանկապղծության համար: