Երեւանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում, սեպտեմբերի 26-ի կեսգիշերին տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ եւ Երեւանի մետրոպոլիտենի համատեղ ուսումնավարժությունը` «Փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը մետրոպոլիտենում» թեմայով: Տեղում ուսումնավարժությունը ղեկավարում էր ՓԾ տնօրենի տեղակալ-Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը:
Միջոցառման նպատակներն էին`
• կատարելագործել «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ կազմավորումների եւ արձագանքող ուժերի փոխգործակցությունը փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքերի ժամանակ.
• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը.
• կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները գիշերային ժամերին փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքերի ժամանակ:
Ուսումնավարժությանն ընդգրկված էին` ՓԾ 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, մետրոպոլիտենի կազմավորումներն ու տեխնիկական գնացքը, ոստիկանության 10 աշխատակից եւ 30 նմանակող, ճանապարհային ոստիկանության 2 կարգախումբ, շտապօգնության 2 բրիգադ եւ վթարային խմբեր («Երեւանգազ», «Երեւան Ջուր», «Երքաղլույս»):
Սցենարի համաձայն` երեկոյան գնացքի վագոնում «հրդեհ» էր բռնկվել: Գնացքի մեքենավարը, նկատելով առաջին վագոնում սկսված հրդեհը, անջատում է այն երկրորդ վագոնից, որպեսզի կանխի կրակի տարածումը: Մետրոպոլիտենի գնացքների կարգավարն ահազանգում է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայություն: «Դեպքի» վայր ժամանած արձագանքող ուժերը, մետրոպոլիտենի կազմավորումների հետ, իրականացնում են աշխատակիցների եւ ուղեւորների տարհանում` զուգահեռաբար սկսելով հրդեհաշիջման եւ փրկարարական գործողությունները: Հրշեջ-փրկարարները «տուժածներին» դուրս են բերում վտանգավոր տարածքից:
Ուսումնավարժության արդյունքների հիման վրա կարվի վերլուծություն եւ կտրվեն համապատասխան հանձնարարականներ` հայտնաբերված խնդիրները շտկելու համար:





























