ՀՀ մշակույթի նախարարությունը շարունակում է իրականացնել իր որդեգրած քաղաքականությունը, որի նպատակներից է մշակութային ակտիվ համագործակցության ծավալումը մարզերի եւ մայրաքաղաքի մշակութային կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների միջեւ:
ՀՀ մշակույթի նախարարության «Մենք ենք, մեր մարզը» ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին. 2008-2013 թթ. Երեւանում հանդես են եկել ութ մարզի՝ Շիրակի, Լոռու (2008 թ.), Գեղարքունիքի, Կոտայքի (2009 թ.), Տավուշի, Արարատի (2010 թ.), Վայոց ձորի (2011 թ.), Արագածոտնի (2013 թ.) եւ ԼՂՀ-ի (2012 թ.) մանկապատանեկան ստեղծագործական համույթներ, նկարիչներ ու անհատ կատարողներ՝ 128 ուսումնական հաստատությունների 630 շնորհալի երեխա:
«Մենք ենք, մեր մարզը» ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված է մշակութային միջոցառումներ. 2014 թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքում կհյուրընկալվեն Շիրակի մարզի 30 շնորհալի պատանիներ: Կապանի արվեստի պետական քոլեջում կբացվի Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի 20 լավագույն սաների նկարչական եւ դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդես: Այնուհետեւ, քոլեջի համերգասրահում տեղի կունենա տոնական համերգ Շիրակի մարզի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների եւ պարային համույթի մասնակցությամբ: Հյուրերի համար մշակվել է նաեւ մշակութային ճանաչողական ծրագիր:
2014 թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների համատեղ համերգը տեղի կունենա Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում. համերգից հետո հյուրերը հնարավորություն կունենան այցելել Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:
Աշնան մշակութային օրացույցը հագեցած է նաեւ հոբելյաններով. Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցը տոնում է իր հիմնադրման 80-ամյակը: Հոբելյանական երեկոն կկայանա 2014 թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 16:00-ին, Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգային մեծ դահլիճում: Տոնական միջոցառմանը կմասնակցեն անվանի արվեստագետներ, դպրոցի նախկին շրջանավարտներ: Համերգային ծրագրով հանդես կգան դպրոցի սաները, ուսուցիչները, քաղաքի գեղարվեստական խմբերը եւ մի շարք ճանաչված երաժիշտ-կատարողներ:
Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցը 40 տարեկան է. շերամցիները պատրաստվում են դպրոցի հիմնադրման հոբելյանը մեծ հանդիսավորությամբ նշել՝ 2014 թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 15.00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հոբելյանական երեկոյի ծրագրում նախատեսված են անվանի երաժիշտների, դպրոցի շրջանավարտների, ինչպես նաեւ ներկայիս դափնեկիր սաների համերգային ելույթները:




























