Եվրասիական տնտեսական միության(ԵՏՄ) անդամների կազմն ընդլայնվելու է, ինտեգրացման առաջին պտուղները շուտով տեսանելի կլինեն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը բաց է ամեն տեսակ գործընկերության համար՝ իրավահավասարության եւ փոխադարձ շահի պայմանով:
«Հենց այսպես ենք մենք հարաբերություններ կառուցում մի շարք երկրների հետ՝ Չինաստան, Հնդկաստան, ԲՌՀՉՀ-ի, ՀՇԿ-ի շրջանակներում, ինչպես նաեւ իրականացնում ենք հեռանկարային ինտեգրացիոն նախագծեր հետխորհրդային միջավայրում. Ստեղծվում է Եվրասիական տնտեսական միություն(ԵՏՄ): Դրանով արդեն հետաքրքրվում են նոր երկրներ, անդամների թիվն ընդլայնվելու է: Գործընթացը երկար է տեւելու, սակայն վստահ եմ, որ շուտով արդեն նկատելի կլինեն մեր ինտեգրացման առաջին պտուղները»,- նշել է Լավրովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում կնքել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր, որն ուժի մեջ կլինի 2015թ.-ի հունվարի 1-ից: Մինսկում հոկտեմբերի 10-ին նախատեսված են բանակցություններ, որոնց շրջանակներում նախտեսվում է լուծել ԵՏՄ-ին Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցության հարցը:




























