Թուրքիայի Գազի համալսարանը Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան հետ համատեղ հայերի հանդեպ թշնամանք եւ ատելություն սերմանող մրցույթ է հայտարարել, որի վերնագիրը ապշեցրել է նաեւ թուրքական մամուլին:

Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ Գազի համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետի եւ Ադրբեջանի դեսպանատան համատեղ ծրագրով անցկացվում է մրցույթ, որտեղ ընդունվելու են հոդվածներ «Երբ բոլորը քնած էին. Անատոլիայից Կովկաս հայերի իրականացրած կոտորածները»  վերնագրով:

Մրցույթի տեքստում նշվում է, թե 1915-ին Թուրքիայի արեւելքում եւ արեւմուտքում այնպիսի տեղ չի եղել, որտեղ հայերը թուրքերի կոտորածներ չեն կազմակերպել: Տեքստում նաեւ պարզաբանվում է, թե իրենք նպատակ ունեն հայերի կողմից թուրք ազգի դեմ իրականացրած ցեղասպանության մասին իրազեկել կոտորածներին անտարբեր նայող աշխարհին:

 Կազմակերպիչների ցինիկության աստիճանը հասել է նրան, որ մրցույթի արդյունքների հայտարարման օր է նշանակվել Հրանտ Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին: