ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացառում է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական դիմակայությունը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով CBS հեռուստաալիքին նախագահի տված հարցազրույցը: «Ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական հակամարտություն լինի»,-ասել է Օբաման՝ հավելելով, որՎաշինգթոնը ջանասիրաբար աշխատել է Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ փոխհարաբերությունների կարգավորման վրա:

Օբաման չի բացառել, որ ուկրաինական ճգնաժամի շրջանակներում Ռուսաստանը կընթանա «ճիշտ ուղղությամբ» : Միաժամանակ ԱՄՆ նախագահը դատապարտել է ՌԴ գործողությունները, որոնք ուղղված են «Ուկրաինան իր ուղեծրում պահելուն»:

Օբաման նաեւ նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «շատ վատ» են ազդել այդ երկրի տնտեսության վրա: «Դա վատ է նաեւ Ռուսաստանի ապագայի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ նման քաղաքականությունը Ռուսաստանի համար փակուղի է, եւ Մոսկվան պետք է վերադառնա միջազգային նորմերի հարգելու փորձերին: «Մենք հակադրություն չենք փնտրում, բայց մենք պատրաստվում ենք լինել շատ կոշտ, երբ սեղանին մեր սկզբունքներն են»,-ընդգծել է ԱՄՆ առաջնորդը: