Հաջորդ տարի երբ նշվելու է Ցեղասպանության 100-ամյակը, Դեյր Էլ Զորում  այն այլեւս չի ոգեկոչվի: Այս մասին սեպտեմբերի 24-ի համարում գրել է գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե» թերթը:

Պարբերականը մասնավորապես գրել է.

«Հայերի համար սիրիական Դեյր էլ Զոր քաղաքը նույն նշանակությունն ունի, ինչ հրեաների համար Օսվենցիմը: 1915-16թթ. Եփրատ գետի երկայնքով, հարյուր հազարավոր հայեր, որոնք ըստ երիտթուրքերի պաշտոնական ձեւակերպման Թուրքիայից «տեղահանվել» եւ փրկվել էին, իրականում բաց համակենտրոնացման ճամբարում սպանվել կամ սովի են մատնվել: «Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող եկեղեցին» վկայում էր հայոց պատմության դժնդակ էջերի մասին: Եկեղեցին ոգեկոչման վայր էր, թանգարան եւ այն ժամանակ սպանված անթիվ հայերի աճյունների վերջին հանգրվան:

Եկեղեցին հուշակոթող էր, որովհետեւ այն այլեւս գոյություն չունի: «Իսլամական պետության» բարբարոսներն այն պայթեցրել են: Հայաստանի Հանրապետության նախագահը եւ արտաքին գործերի նախարարը խստորեն դատապարտել են  այս բարբարոսական գործողությունը: Հայ ժողովրդի ամենակարեւոր հուշակոթողներից մեկը գետնին է հավասարեցվել: Ջիհադիստները հարգանք չեն ցուցաբերում ոչ միայն քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ, վերջերս Մոսուլում նրանք պայթեցրել են մահմեդական միստիկների` սուֆիների կողմից պաշտվող Հովնան մարգարեի տապանաքարը, այնուհետեւ` եզդիների սրբատեղիները:

Դեռեւս ապրիլին «Իսլամական պետությունը» գրավել էր Քեսաբ քաղաքը եւ ավերել այն: Այն գտնվում է առասպելական Մուսա լեռից հարավ` Թուրքիայի սահմանին. որտեղ մեծամասամբ Ցեղասպանությունից փրկված հայեր էին ապրում:

Սակայն Դեյր Էլ Զորի եկեղեցու պայթեցումը հայերի համար անհամեմատ ավելի ցավոտ է: Ամեն տարի ապրիլի 24-ին այնտեղ հավաքվում են հայեր աշխարհի տարբեր անկյուններից` ոգեկոչելու Ցեղասպանության օրը:  Հաջորդ տարի երբ նշվելու է Ցեղասպանության 100-ամյակը, Դեյր Էլ Զորում  այն այլեւս չի ոգեկոչվի: