Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պատրաստում է օրենսդրական նախագիծ, որով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները՝ կապված փաստաթղթավորման հետ, մինչեւ 2016թ.-ն պետք է լինի կամավոր:

«Մենք հանդիպել ենք առեւտարականների եւ հասարակական ներկայացուցիչների հետ, քննարկել հարցը: Ինքս 2 օրենքների մեջ փոփոխություններ կատարելու մեջ օրենսդրական նախագիծ եմ պատրաստել: Առաջինը վերաբերվում է նրանց, որ մինչեւ 2016. հունվարի 1-ը պետք է անցումային փուլ լինի, այսինքն առեւտարականը պետք է որոշի՝ մնում է 3.5%-ի դաշտում եւ փաստաթղթեր չի ներկայացնում, թե նախընտրում է 1%-ը, բայց արդեն պարտադիր փաստաթղթավորման: Երկրորդն այն է, որ պետք է շեմը դարձնել 100-120 մլն, որովհետեւ սովորաբար իրական ծավալներն ու ներկայացվող ծավալների միջեւ տարբերություն կա, հետեւաբար, 58մլն քիչ է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ իրենք այսօր խմբակցությունով նորից նիստ են հրավիրել, որի ժամանակ քննարկվելու է նաեւ այս հարցը, որից հետո իջնելու են եւ հանդիպեն Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվող առեւտրականներին: Նշենք, որ տոնավաճառների աշխատակիցներն արդեն մի քանի բողոքի ցույցեր են կազմակերպում կառավարության առջեւ՝ պահանջելով չեղյալ համարել օրենքը: Այսօր նրանք հավաքվելու են ԱԺ-ի շենքի մոտ:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։