Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում տասնյակ ռուսաստանցիներ կան: Նման ենթադրություն է արել ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Ըստ էության, մենք գործ ունենք ահաբեկչական ինտերնացիոնալի հետ»,-ասել է Բոգդանովը:
«ԻՊ»-ի շարքերում, նրա տվյալներով, կան 70-80 երկրների ներկայացուցիչներ: «Միաժամանակ նրանք ունեն նաեւ արեւմտյան երկրների անձնագրեր, ինչը հնարավորություն է տալիս աշխարհում շրջագայել առանց վիզաների եւ լրացուցիչ ստուգումների: Դա շատ վտանգավոր է»,-զգուշացրել է Բոգդանովը:
Արեւմտյան փորձագետները գնահատում են, որ ջիհադականների շարքերում ռուսատանցիներն ու նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչները կարող են ավելին լինել՝ մի քանի հարյուր մարդ: ԱՄՆ ԿՀՎ-ն գնահատել է, որ «ԻՊ»-ում ընդգրկված է 31 հազար մարդ:




























