«Եվրոպական ընտրություն» նախաձեռնությունն առաջարկում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գրող, հրապարակախոս եւ կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ հայ հասարակությունը զարմանալիորեն անհաղորդ է կառույցին հանրապետության ինտեգրման հարցին:

Նա ուշադրություն հրավիրեց, որ այն դեպքում, երբ այժմ Մոսկվայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում, ռուբլին արժեզրկվում է եւ մեծանում են հակառուսական տրամադրությունները,  ԵՏՄ-ին միանալը կարող է աղետալի լինել երկրի համար:

«Այս տեմպերով ռուսական տնտեսությունը կկործանվի, իսկ մենք կհայտնվենք անելանելի վիճակում ՝ ձեռքերով եւ ոտքերով կապված լինելով Կրեմլին», - ընդգծեց  նա:

Մամուլի ասուլիսի մյուս մասնակիցը՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ հասարակության համակրանքը չպետք է սահմանի երկրի զարգացման ուղին:

«Բնակչության մեծամասնությունը հստակ պատկերացում չունի՝ ինչ կհետեւի միությանը անդամակցելուց հետո: Բացի այդ, իշխող ռեժիմը ոչ մի իրական փաստարկներ չի ներկայացնում, որ տվյալ որոշումը բխում է ազգային շահերից»,- ընդգծեց Նավասարդյանը՝ հավելելով, որ իր կարծիքով` ԵՏՄ-ն բացառապես խորհրդանշանկան բնույթ է կրում, հատկապես՝ Հայաստանի անդամակցությունը: «Դա ոչ մեկին անհրաժեշտ չէ, այդ թվում՝ Մոսկվային: Դրանով Կրեմլը լոկ իր հավակնություններն է բավարարում»,- եզրափակեց Նավասարդյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 9-10-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին փաստաթղթերը: