Հայաստանի ԱԻՆ-ը GPS սարքեր է տեղադրում հրշեջ մեքենաներում:
Հայաստանի ԱԻՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ արդեն 50 նման սարք է տեղադրվել Երեւան քաղաքը սպասարկող հրշեջ մեքենաներում, 104 սարք` մարզերում, եւս 44 սարքի տեղադրումն ընթացքի մեջ է:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների եւ ընթացիկ աշխատանքների մասին: Զեկուցվեց շաբաթվա ընթացքում իրականացված ուսումնավարժանքների մասին:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ աշխատանքների մասին: Ֆրանսիացի մասնագետների այցի նպատակը Վայքում, Կապանում եւ Ստեփանավանում իրենց կողմից տեղադրված կայանների ուսումնասիրումն է:
Հիդրոմետ ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրել է ՀՀ-ում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Լ. Մելիքյանը զեկուցել է հոկտեմբերի 10-ին նախատեսվող ընդհանուր ժողովի մասին, որտեղ կազմակերպության անդամներին կներկայացվի արհմիության մեկ տարվա աշխատանքների հաշվետվությունը:




























