Երեւանում բյուջեի միջոցներով նախատեսված շուրջ 200 թեքահարթակներից արդեն կառուցվել եւ շահառուների օգտագործմանն են հանձնվել 172-ը:

Բացի այդ, նախկինում կառուցված օբյեկտների 263 մուտքեր սեփականատերերի կողմից  հարմարեցվել են հաշմանդամների համար, իսկ փողոցների հիմնանորոգման շրջանակում եւս  278 թեքահարթակ է կառուցվել: 

Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է 8 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Բավարար չգնահատելով տարվող աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին խստորեն հանձնարարել է ուժեղացված հսկողություն սահմանել եւ գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում:

Հանձնարարվել է նաեւ առաջիկա շաբաթ օրը մայրաքաղաքում կազմակերպել մեծամասշտաբ շաբաթօրյակ՝ դրան մասնակցելու կոչ անելով բոլոր երեւանցիներին, պետական կառույցներին, մասնավոր հատվածին, ինչպես նաեւ ներգրավելով Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները: