Պաշտոնական տվյալներից դատելով՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության շարժընթացը բնութագրվում է անկայունությամբ: Արտահանումը հավելաճի տեմպով զգալիորեն զիջում է ներմուծմանը՝ 1,1%-ը ընդդեմ 3,8%-ի: Հիշեցնենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում հակադիր պատկեր էր. արտահանումը գերազանցում էր ներմուծմանը՝ 8,9% ընդդեմ 0,8%-ի:

Ցուցանիշների վատթարացման գործում իր ծանրակշիռ «ավանդը» ունեցել է օգոստոսը. այդ ամիս արտահանման ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 9,8%-ով: Այդ ցուցանիշին մասնակցության աստիճանով՝ -8,7%, առաջին տեղում է հայտնվել «հանքային արտադրանք» ապրանքախումբը:

Այդ ապրանքները ավանդաբար մեր արտահանման կարեւորագույն հոդվածներից են եւ չնայած օգոստոսյան ծավալների կրճատմանը՝ նրանց մասնաբաժինը Հայաստանի արտահանման մեջ կազմել է մոտ 1/3-ը:

Արտահանման ընդհանուր ծավալի վրա բացասական ազդեցության աստիճանով երկրորդ տեղում է «պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախումբը՝ -3,5%: Նկատենք, որ հաշվետու ամսում այդ ապրանքների արտահանման ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 16,4%-ով:

Արտահանման ընդհանուր ծավալի վրա առավել դրական ազդեցություն ունեցել է «սարքեր եւ սարքավորումներ» խումբը (1,5 տոկոս): Այդ ապրանքների ծավալն այդքան էլ մեծ չէ, սակայն օգոստոսին նկատվել է դրա կտրուկ աճ (2,7 անգամ):

Արտահանման օգոստոսյան անկման գլխավոր «մեղավորը» «հանքային մթերքներ» խումբն է, հիմնականում հանքաքրերն ու մետաղների խտանյութերը:

Նշենք, որ օգոստոսին մետաղական հանքանյութերի արդյունահանման ֆիզիկական ծավալը հանրապետությունում զգալիորեն կրճատվել է՝ տարեկան կտրվածքով 18,9 տոկոսով:

Արտահանման մեջ իր ծավալով խոշորագույնը հանքաքարերն ու պղնձի խտանյութերն են. ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Թեեւ ֆիզիկական ցուցանիշներով նշված ժամանակահարվածում այդ ապրանքների արտահանումը աճել է (14,9 հազար տոննա), գումարային արտահայտությամբ արձանագրվել է 16,5 մլն դոլարի անկում: Պատճառն այն է, որ հանքաքարի եւ պղնձի խտանյութի միջին մաքսային գինը տարվա ընթացքում նկատելիորեն նվազել է՝ 1749 դոլարից հասնելով 1281 դոլարի: Չի բացառվում, որ այդ ապրանքների արտահանման ծավալի անկումը շարունակվի նաեւ 3-րդ եռամսյակում: