Air Armenia ավիաընկերությունը լավ ժամանակներ չի ապրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ավիաընկերությունից՝ հավելելով, սակայն, որ առաջիկայում սնանկ ճանաչվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Նրանք հերքել են 5 մլն դոլարի պարտք ունենալու եւ Դուբայից օդանավ ձեռք բերելու մասին լուրերը: «Դուբայից ոչ մի օդանավ ձեռք չենք բերել, դրանք գտնվում են տեխնիկական սպասարկման մեջ Հոլանդիայում»,-հայտնեցին ավիաընկերությունից:
Air Armenia-ն այս առթիվ տարածել է նաեւ պաշտոնական հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ ընկերությունը լավ ժամանակներ չի ապրում, բոլոր հակառակորդները առիթը բաց չեն թողնում թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա լրատվամիջոցների օգնությամբ ընկերությանը վարկաբեկող բացասական լուրեր տարածել: «Մենք երբեք չենք ունեցել Դուբայից գնված ոչ մի օդանավ: Ընկերության պարկը համալրած օդանավերը վարձակալված են համապատասխան պայմանագրերով հոլանդացիներից: Պայմանագրերի շրջանակներում իրականացվում է նրանց տեխնիկական սպասարկումը արտերկրում: Ցավոք, օդանավերից մեկի սպասարկումը պլանավորված չէր ընկերության կողմից: Օդանավերի սակավությունը բերել է չվացուցակի որոշակի փոփոխությունների: Աշխատակիցներից եւ ոչ մեկին չեն խնդրել ազատման դիմում ներկայացնել: Բոլորը աշխատել եւ աշխատում են ընկերությունում»,-ասված է նրանց պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ «Ժամանակի» տեղեկություններով՝ Air Armenia ավիաընկերությունը լուրջ խնդիրներ ունի եւ առաջիկայում հավանաբար սնանկ կհայտարարվի:
Ավիաընկերությունը խոշոր պարտքեր ունի «Զվարթնոց» օդանավակայանին: Բացի այդ՝ դեռ չի վճարել նաեւ Դուբայից ձեռք բերած 2 օդանավի ամբողջական գումարը եւ դեռ 5 միլիոն դոլարի չափ պարտք ունի: Թերթին հասած տեղեկություններով՝ ավիաընկերությունն արդեն իսկ կանչել է իր աշխատողներին եւ խնդրել ազատման դիմումներ գրել, քանի որ այլեւս չի կարող վճարել նրանց աշխատավարձը:




























