Մեկնարկել է 2016թ. համար խաղարկվող ներգաղթային վիզաների (արտոնագրերի) վիճակախաղի («Գրին քարտ») մասնակիցների գրանցման գործընթացը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2016թ. վիճակախաղի մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ 2014թ. հոկտեմբերի 1-ից, չորեքշաբթի (արեւելյան ամառային ժամանակով 12։00-ից (Գրիվնիչ -4)) մինչեւ երկուշաբթի, 2014թ. նոյեմբերի 3-ը (արեւելյան ստանդարտ ժամանակով 12:00 (Գրիվնիչ -5):
Մասնակցության հայտը լրացնելու համար պետք է այցելել www.dvlottery.state.gov կայքը վերը նշված գրանցման ժամկետներում եւ լրացնել օնլայն/առցանց մասնակցության հայտ: Թղթային կրիչներով հայտեր չեն ընդունվում:
Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է շահողներին, ովքեր իրավունք են ստանում ներգաղթային վիզայի հայտ ներկայացնել:
Խաղարկային այս ծրագրով պահանջվում է, որ հիմնական դիմողն ունենա միջնակարգ (ավագ դպրոցի) կամ համարժեք կրթություն կամ երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ ըստ ԱՄՆ օրենքների:



























