Հայաստանում գայլերի չհիմնավորված ոչնչացման քաղաքականություն է տարվում, հոկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է կենդանիների իրավունքների պաշտպան, ակտիվիստ Կարինե Փանոսյանը։

Ըստ նրա՝ աշխարհում կան մի քանի տասնյակ կենդանիներ, որոնց գոյությանը վտանգ է սպառնում։  «Վախենում եմ, որ մի քանի տարուց  Հայաստանում գայլ չի մնա։ Գայլը անտառի սանիտարն է, սա նշանակում է, որ նա պահպանում է անտառի էկոլոգիական միջավայրը, նպաստում, որ այն համապատասխանի այն կենսակլիմայական միջավայրին, որն անհրաժեշտ է նաեւ մարդու գոյության համար։

Բայց մենք ոչնչացնում ենք գայլերին, քանի որ խախտել ենք նրանց միջավայրը՝ չվերահսկելով անտառների որսը»,- նշել է Կարինե Փանոսյանը։

Փաստացի, ըստ նրա, անտառում կենդանիներ չկան, եւ ընտրություն չունենալով՝ գայլը ընտանի կենդանիների վրա է հարձակվում։

Նշենք, այս մասին քանիցս խոսվել է։  Նապաստակների եւ մանր այլ կենդանիների չվերահսկվող որսը հանգեցրել է նրան, որ քաղցած գայլերը անգամ ամռանն են սկսել հարձակվել ոչխարների վրա։

Կառավարությունն էլ գայլերի եւ աղվեսների ոչնչացումը թույլատրելուց բացի այլ խելացի ելք չի գտել։