Լիբանանցի երաժիշտ, դաշնակահար ու կոմպոզիտոր Գի Մանուկյանը նոյեմբերի 29-ին համերգո հանդես կգա Լոս Անջելեսում «San Gabriel Mission Playhouse» դահլիճում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Վերջին տասնամյակի ընթացքում Գի Մանուկյանը բազմիցս հանդես է եկել միջազգային մակարդակում: Նա աշխատել է ԱՄՆ-ի հայտնի արտիստների հետ: Շնորհիվ նրա, որ նա համատեղում  է արեւելյան մեղեդիները ժամանակակից երաժշտական ձեւավորումների հետ, նրան հրավիրում են հանդես գալ աշխարհի տարբեր կողմերում, այդ թվում Սինգապուրում, Սանտյագոյում եւ Սիդնեյի օպերային թատրոնում:

Մանուկյանը դաշնամուր սկսել է նվագել 4 տարեկանից: Սովորելով լավագույն ուսուցիչների մոտ՝ նա առաջին անգամ հանդես է եկել հեռուստատեսությամբ վեց տարեկանում, իսկ յոթ տարեկանում նա ելույթ է ունեցել Լիբանանի նախագահական պալատում: Նա սկսել է ստեղծագործել մեկ տարի անց՝ հաղթելով իր առաջին մրցույթում:

Երաժիշտը բազում մրցանակներ է ստացել, սակայն նա ավելի շատ արժեւորում է Լոս Անջելեսում ստացած «Armenian Music Award» մրցանակը լավագույն ալբոմի համար, 2002թ.-ին Լիբանանում ստացած «Best Arabic Tune of the Year» մրցանակը «Հարեմ» ֆիլմի երաժշտության համար, ինչպես նաեւ «Arabian Music Awards» մրցանակը լավագույն պարային ալբոմի համար, որը ստացել է Դուբայում 2003թ.-ին: