Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը Վրաց Պատրիարք Իլյա 2-րդին խնդրել է հոգ տանել Վրաստանի հայկական մշակութային հուշարձանների մասին, որոնք վերականգնման եւ խնամքի կարիք ունեն: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Վրաց Պատրիարքը հոկտեմբերի 6-ին հանդիպել է եռօրյա այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ հայկական պատվիրակության անդամների հետ:
Հանդիպման ընթացքում վրաց հոգեւոր առաջնորդը նշել է, որ երկու երկրների Եկեղեցիների եղբայրական եւ բարեկամական հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն: Իլյա 2-րդի խոսքով՝ Վրաստանին եւ Հայաստանին ավանդաբար կապել են լավ հարաբերությունները, եւ այսօր էլ նույնն է շարունակվում:
Հայաստանի ԱԺ խոսնակն իր հերթին Պատրիարքին ցավակցել է նրա եղբոր մահվան կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: «Մեր ժողովուրդների համար գլխավոր հիմքը քրիստոնեական արմատներն են, եւ մենք մնում ենք դրա կրողը: Մշակութային եւ հոգեւոր արժեքները կխորացնեն, կմտերմացնեն մեզ եւ նոր խթան կհանդիսանան մեր պետությունների միջեւ հարաբերությունների համար: Այս ամենում շատ մեծ դեր ունեն երկու երկրների Եկեղեցիները»,- նշել է Սահակյանը:
Հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավարն անհանգստություն է հայտնել Սիրիայում եւ Իրաքում տիրող իրավիճակի կապակցությամբ, որտեղ, նրա խոսքով, բազմաթիվ երկրների քրիստոնեական արժեքները վտանգի տակ են, ինչի հետ համաձայնել է նաեւ Վրաց Պատրիարք-կաթողիկոսը:



























