Արցախի Տող գյուղում գտնվող մելիք Եգանի պալատը բաց կլինի զբոսաշրջիկների համար, NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:

Ըստ նրա՝ արդեն գրեթե ավարտվել է պալատի շրջակայքի բարեկարգումը եւ ցանկապատումը: «Հենց Տող գյուղում հոկտեմբերի 18-ին կկայանա գինու առաջին արցախյան փառատոնը, որի մասին արդեն տեղեկացրել ենք»,– հավելել է Շահվերդյանը:

Մասնակի վերականգնվել է նաեւ պալատի ներքին հարդարանքը. դրա ընդունարանում նախատեսվում է թանգարան հիմնել: Իսկ մյուս տարի  վերականգնողական աշխատանքները կշարունակվեն մյուս շինություններում:

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների հյուրընկալելու հնարավորությանը, գյուղի մոտակայքում՝ Ստեփանակերտից 57 կմ հեռավորության վրա, արդեն  երկու տարի է հյուրանոց է գործում: «Եթե գյուղացիները ցանկանան իրենց տներում bed & breakfast («անկողին եւ նախաճաշ») հյուրասենյակներ բացել, մենք միայն ուրախ կլինենք: Մենք նրանց շրջանում հնչեցրել ենք այս գաղափարները, եւ հուսով ենք, որ երբ զբոսաշրջիկները շատանան, կհայտնվեն գյուղական առաջին b&b-ները»,– հավելել է Շահվերդյանը:

Լեռնային Ղարաբաղի հարավային զբոսաշրջային երթուղում  Զբոսաշրջության վարչությունն ավարտել է Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում երկու հազար տարեկան չինարիի շրջակայքի բարեկարգումը: Նույն շրջանի հանրահայտ Ամարասի վանքում շարունակվում են վերականգնողական աշխատանքները: «Ինչպես հիշում եք, մենք այնտեղ հայտնաբերել ենք Գրիգորիս եպիսկոպոսի (Գրիգոր Լուսավորչի թոռը) գերեզմանի մի նոր մաս: Այժմ մշակում ենք պեղած մասի  պահպանման ծրագիր»,– նշել է Շահվերդյանը:

Մելիք Եգանի պալատը թվագրվում է 1730-ականներով, երբ Արցախում Պարսից շահի տիրապետության տակ կիսանկախ իշխանություն էր  ստեղծվում: Մելիք Եգանի կառավարման տարիներին միավորված են եղել պատմական Արցախի եւ դրանից հարավ՝ մինչեւ Արաքս գետի հատվածն ընկած հողատարածքները: