Թուրքիայի իշխանությունները քրդերի զանգվածային բողոքներից հետո պարեկային ժամ են հայտարարել, փոխանցում է Lenta.ru-ն։

 Ըստ աղբյուրի՝ զանգվածային ցույցերի ընթացքում զոհվել է 14 մարդ, տասնյակները տուժել են: Պարեկային ժամ է հայտարարվել թուրքական միանգամից մի քանի նահանգներում: «Բողոքողները պետք է լքեն փողոցները, այլապես  իրավիճակը անկանխատեսելի հետեւանքներ կունենա: Բռնությունն անպատասխան չի մնա», - մեջբերում է թերթը Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալի խոսքերը:

Աղբյուրը հիշեցնում է, որ երկրում բախումները սկսվել են հոկտեմբերի 6-ից: Ցուցարարները թալանել են խանութները, ոստիկանության, շենքերի եւ մեքենաների վրա քարեր եւ բռնկվող նյութերով շշեր նետել: Ի պատասխան՝ ոստիկանները ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ են կիրառել:

Հոկտեմբերի 7-ին շուրջ 100 բողոքող քրդեր ներխուժել են Բրյուսելում Եվրախորհրդարանի շենք՝ ԵՄ երկրներից պահանջելով ակտիվ միանալ ԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարին: 

Քրդերի բողոքի ցույցերը պայմանավորված են նրանով, որ իսլամիստները գրեթե գրավել են Թուրքիայի սահմանին գտնվող Կոբանի քաղաքը, որը քրդերի ինքնավարության մայրաքաղաքն է: