Ամերիկյան տիեզերական գործակալությունը (NASA) օնլայն հեռարձակելու է լուսնի ամբողջական խավարումը հոկտեմբերի 8-ին, հաղորդում է «Պրոնեդրա» գործակալությունը:

Լուսնի ամբողջական խավարումը, ճշտում է աղբյուրը, տեսանելի կլինի մեկ կիսագնդում: Հեռարձակման մեկնարկը նախատեսված է 04:00-ին(Երեւանի ժամանակով 12:00-ին): Իր ամբողջական խավարմանը լուսինը կհասնի մեկուկես ժամից եւ կտեւի մոտ մեկ ժամ:

Տվյալ երեւույթին կարող են հետեւել Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի արեւմտյան հատվածի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի բնակիչները, ինչպես նաեւ Ճապոնիայի եւ ասիական որոշ շրջանների բնակիչներ:

Ամբողջական լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Արեգակը, Երկիրն ու իր արբանյակը մեկ շարքում են հայտնվում, եւ Լուսինն ինչ-որ ժամանակի ընթացքում հայտնվում է մեր մոլորակի ստվերում: Նույնիսկ ամբողջական խավարման ժամանակ Լուսինն ամբողջությամբ չի անհետանում, սակայն մուգ կարմիր գույն  ստանում:Պատճառն այն է, որ խավարման ժամանակ Լուսինը շարունակում է լուսավորվել. արեգակնային ճառագայթները հասնում են նրան, որոնք ցրվում են երկրի մթնոլորտում: