Facebook սոցիալական ցանցը ծրագրում է անանուն մեսենջեր ստեղծել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Նոր հավելվածի շնորհիվ օգտատերերը կկարողանան հաղորդագրություններ ուղարկել՝ տարբեր կեղծանուններ օգտագործելով: Այս ծրագիրը ղեկավարում է Ջոն Միլլերը, ով Facebook-ում հայտնվեց այն բանից հետո, երբ ընկերությունը գնեց Branch-ը: Իսկ անանուն մեսենջերի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են արդեն մեկ տարի:
Facebook-ի քաղաքականության համաձայն՝ սոցցանցի օգտատերերը պետք է նշեն իրական անունները: Նոր նախագիծը կարող է վկայել այն մասին, որ Facebook-ը ցանկանում է այլընտրանքային տարբերակներ ուսումնասիրել: Մի քանի շաբաթ առաջ կեղծանուն օգտագործելու համար Facebook-ում սեռական փոքրամասնությունների հանրության մի քանի հարյուր ներկայացուցիչների էջեր արգելափակվել էին:




























