2014 թվականին քիմիայի Նոբելյան մրցանակ են ստացել գիտնականներ Էրիկ Բետցիգը, Ստեֆան Հելլը եւ Ուիլյամ Մորները՝ գերհստակ մանրադիտակ մշակելու համար: Այս մասին գրում է Ռոսբալտը՝ վկայակոչելով Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիային:
Աղբյուրի փոխանցմամբ, գիտնականների մշակումը հնարավորություն է ընձեռում շատ փոքր մասշտաբներով տարբեր օբյեկտների կառուցվածքն ու բաղադրությունն ուսումնասիրել ռեկորդային բարձր հստակությամբ: Այդ մեթոդի շնորհիվ հնարավոր է, մասնավորապես, ուսումնասիրել կենսաբանական մոլեկուլների կառուցվածքը, ինչը կարեւոր դեր ունի նոր դեղամիջոցների ստեղծման գործում:
Հոկտեմբերի 9-ին շվեդական ակադեմիան կհայտարարի նաեւ Նոբելյան մրցանակի արժանացած գրողի կամ բանաստեղծի անունը:
Հիշեցնենք, որ ֆիզիկայի Նոբելյան մրցանակներ էին ստացել ճապոնացի երեք գիտնականներ Իսամա Ակասակին, Հիրոսի Ամանոն եւ Սուձի Նակամուրան: Ճապոնացիներին մրցանակը շնորհվել է «երկնագույն միջակայքի արդյունավետ լուսային դիոդներ» ստեղծելու համար:




























