Երուսաղեմում, Տաճարի սարում բախում է տեղի ունեցել պաղեստինցիների եւ Իսրայելի ոստիկանության միջեւ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Իսրայելի ոստիկանությունը:

Մի քանի տասնյակ պաղեստինցիներ, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, գրոհել են իսրայելցի ոստիկաններին: Առավոտյան, երբ այդ տարածքը բացվել է աղոթքի համար, պաղեստինցիները սկսել են քարեր ու վաղվող հեղուկով շշեր նետել ոստիկանների ուղղությամբ: Մի քանի ոստիկաններ թեթեւ վնասվածքներ են ստացել: Պաղեստինցիների կողմից տուժածների մասին չի հաղորդվում:

Պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբասը մեղադրել է իրայելցի ծայրահեղականներին եւ նորաբնակներին՝ Տաճարի սարում իրավիճակն ապակայունացնելու մեջ:

Ավելի վաղ Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը որոշել էր ընդլայնել Տաճարի սարի տարածքի հասանելիությունը, որը բացասական արձագանք է առաջացրել պաղեստինցիների մոտ: Նրանք մեղադրում են Իսրայելին միակողմանիորեն սուրբ տարածքի կարգավիճակը վերանայելու մեջ:

Տաճարի սարը սուրբ վայր է համարվում եւ հրեաների եւ մահմեդականների համար: Հենց այդտեղ է գտնվում մահմեդականների համար երրորդ սուրբ վայրը՝ Ալ-Աքսա մզկիթը: