Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի ոստիկանը 12 ամսվա ազատազրկման է դատապարտվել իր ընկերուհու շան դաժան սպանության համար, գրում է «The Washington Post»-ը: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 26-ին:
28-ամյա Ալեք Յուջին Թեյլորը փայտով ծեծել, հետո խեղդել է Ռոկո մականվամբ տերյեր տեսակի շանն այն պատճառով, որ շունը կեղտոտել է տան գորգը: Այնուհետեւ տղամարդը շան մարմինը նետել է աղբամանը:
Ինչպես գրում է պարբերականը, ամենից շատ դատավոր Ռիչարդ Ջորջանին զայրացրել է հաղորդագրությունը, որը Թեյլորն ուղարկել է այդ պահին աշխատավայրում գտնվող իր ընկերուհուն. «Քիչ էր մնում, թե սպանեի Ռոկոյին»,- գրել է նա: Քիչ ավելի ուշ գրել է. «Նա միզել է գորգի վրա՝ զբոսանքից անմիջապես հետո»: Ավելի ուշ ուղարկել է տանջահար շան լուսանկարը: «Ինչո՞ւ է նա այսպես տարօրինակ պառկել»,- հարցրել է աղջիկը: «Ես նրան ծեծել եմ: Կարծես նա սատկել է»,- պատասխանել է Թեյլորը:
Դատափորձաքննությունը հաստատել է, որ շունը սատկել է գեմոգրաֆիկ շոկից, որը պայմանավորված էր լյարդի վնասվածքով ու ընդհանուր արնահոսությամբ: Մահվան պատճառը բութ վնասվածքն էր:
Դատախազը երեք ամսվա պատիժ է պահանջել: Սակայն Թեյլորի նախկին ընկերուհին պնդել է ավելի խսիտ պատժի համար: «Ռոկոն սովորական շուն չէր: Այն իմ ընտանիքի անդամն էր: Թեյլորը խլեց նրան մեզնից»,- ասել է աղջիկն ու հավելել, որ շան մահը շոկ է ոչ միայն իր, այլ նաեւ իր ընտանիքի համար:




























