Սենթ Լուիսում (ԱՄՆ) իրավապահը կրակել է սեւամորթ պատանուն, ենթադրաբար՝ պատասխան կրակ բացելով: Այս մասին գրում է NEWSru.com-ը՝ մատնանշելով, որ Միսուրիում իրադրությունը կրկին անհանգիստ է:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս Ֆերգյուսոն քաղաքում անկարգություններ էին սկսվել սեւամորթ պատանու սպանությունից հետո:
Նոր միջադեպին անդրադառնալով՝ աղբյուրը պատմում է, որ 32-ամյա ոստիկանը ծառայության մեջ չէր, սակայն համազգեստով էր: Իրավապահը 18-20 տարեկան կասկածելի պատանու է տեսել եւ ցանկացել է կանգնեցնել: Պատանին չի ենթարկվել, փորձել է փախչել ու կրակել է: Ոստիկանին գնդակը չի դիպել, նա պատասխան կրակ է բացել՝ մահացու վիրավորում հասցնելով պատանուն:
Ոստիկանի եւ զոհի անունները չեն հաղորդվում, բայց նշվում է, որ ոստիկանը «սպիտակամորթ» էր, պատանին՝ «սեւամորթ»: Զոհված պատանու մորաքույրը հայտնել է, որ նրա մարմնին հրազենային 16 վնասվածք կար՝ հավելելով, որ պատանին զինված չի եղել, նրա ձեռքին սենդվիչ է եղել:
Ողբերգական այս երկու դեպքերից հետո Սենթ Լուիսում 100 կամ 200 մարդու մասնակցությամբ բողոքի ցույց է սկսվել. ամբոխը այնքան էլ բարյացակամ չէ ոստիկանների հանդեպ, վնասվել են ոստիկանական մեքենաներ:




























