Այսօր` հունիսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան ժամանած Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ Մուհամմադ ալ-Շիմալիին ( Mustafa Jassim Al-Shemali ):

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Է. Նալբանդյանը նշել է, որ արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից: Նախարար Նալբանդյանը բեկումնային է որակել 2008 թ. նոյեմբերին ՀՀ Նախագահի պետական այցելությունը Քուվեյթ, որից հետո համագործակցության մի շարք ոլորտներում առաջընթաց է արձանագրվում, Քուվեյթում հիմնվել է Հայաստանի դեսպանություն:

Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ Մուհամմադ ալ-Շիմալին գոհունակությամբ նշել է, որ ՀՀ Նախագահի այցի ընթացքում  ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: Նա վստահեցրել է, որ իր երկիրը մտադիր է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ` նշելով, որ իր այցին հետեւելու են քուվեյթյան բարձրաստիճան պաշտոնյաների այլ այցելություններ:

Կողմերը հանգամանորեն քննարկել են երկու պետությունների միջեւ առեւտրատնտեսական, կրթության, գիտության եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր: Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ողջունում ու աջակցում է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում քուվեյթյան ներդրումները:

Է. Նալբանդյանը ողջունել է այսօր ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը եւ կարեւորել մոտ ապագայում տնտեսական եւ տեխնիկական  համագործակցության մասին համաձայնագրի համաձայնեցումը եւ կնքումը: Երկուստեք նշվել է, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ օդային հաղորդակցության հաստատումը կխթանի տնտեսական փոխգործակցության զարգացումը:

Նախարար Նալբանդյանը իր ողջույններն է փոխանցել քուվեյթցի  գործընկերոջը եւ վերահաստատել Երեւան այցելելու նրան ուղղված իր հրավերը: