Ամերիկյան Kmart խոշոր առեւտրային ցանցը ուրբաթ հայտնել է, որ ենթարկվել է հաքերների հարձակման:
Ընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ սեպտեմբերի սկզբին չարագործները ցանցի վճարային համակարգում ներդրել են վնասակար նոր ծրագիր՝ համակարգչային վիրուսին նման, որը նրանց թույլ է տվել առեւանգել գնորդների վարկային քարտերի համարները: Kmart-ը չի նշում, թե քանի մարդ է դարձել հաքերների զոհ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ներկայումս վնասակար ծրագիրն արդեն ջնջվել է: Առեւտրային ցանցի ղեկավարությունը կարծում է, որ չարագործները չեն ստացել վարկային քարտերի ծածկագրերը եւ հաճախորդների վերաբերյալ անձնական որեւէ տեղեկություն:
Ցանցն անմիջապես կատարվածի մասին տեղեկացրել է ԱՄՆ իշխանություններին: Ներկայումս ընկերությունը քննում է կատարվածը՝ դաշնային կառավարության եւ բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ:




























