Չինաստանի Յանտայ քաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել «Ամենակարող Աստծու եկեղեցի» կրոնական աղանդի երկու անդամների՝ աղանդավորների հետ շփումից հրաժարված կնոջ կանխամտածված սպանության համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Գործով անցնում են աղանդի հինգ անդամներ, որոնցից մեկը ցմահ ազատազրկման է դատապարտվել, եւս երկուսը՝ 10 եւ 7 տարվա ազատազրկման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Զոհին մահացու ծեծի էին ենթարկել մայիսին՝ Չժաոյուան քաղաքի McDonald`s սրճարանում։ Պատճառը եղել էր այն, որ նա հրաժարվել էր կազմակերպության անդամներին տալ իր հեռախոսահամարը։

«Ամենակարող Աստծու եկեղեցի» աղանդը, որը նաեւ կոչում են «Արեւելյան կայծակ», ստեղծվել է 1990-ականներին Հենան նահանգում՝ տեղի բնակիչ Չժաո Վեշանի կողմից, որը իր կնոջը՝ Յան Սյանբինին «երկրորդ Քրիստոս» էր հռչակել։