Ալյասկա նահանգի մայրաքաղաքի՝ Ջունո քաղաքի ոստիկանությունը շփոթել է Ջասթին Փրիսթ անվամբ երկու տղամարդու եւ սխալ ընտանիքի է տեղեկացրել իրենց անդամի՝ ավտոպատահարի հետեւանքով զոհվելու մասին:

Փալմեր քաղաքում բնակվող Ջեյ եւ Քարեն Փրիսթը ստացել են իրենց 29-ամյա որդու մահվան մասին լուրը:

Վշտահար ընտանիքը մեկնել է նահանգի խոշորագույն Անքորիջ քաղաք, որպեսզի մյուս որդուն տեղեկացնի իբր կատարվածի մասին:

Այնուհետեւ ընտանիքը դուրս է եկել Ջունո՝ ենթադրյալ հանգուցյալի ընկերուհու մոտ, որտեղ էլ նրանք գտել են «հանգուցյալին»  միանգամայն առողջ վիճակում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ջասթին Փրիսթը պակաս զարմացած չէր, երբ տեսել էր ծնողների շոկն ու արցունքները:

Ջունոյի ոստիկանական վարչությունը հայցել է ընտանիքի ներողամտությունը՝ նշելով, որ իրականում զոհվել է «ենթադրյալ հանգուցյալի» անվանակիցը, սակայն իրավապահները շփոթել են երկու տղամարդկանց ծննդյան ամսաթվերը: