Մեծ Բրիտանիայի Նանիթոն Թաուն բնակավայրում 15-ամյա աշակերտուհին, ով փորձաշրջան էր անցնում խանութում, հրդեհ է առաջացրել, քանի որ ձանձրացել է եւ ցանկացել է, որ իրեն տուն թողնեն: Այս մասին գրում է Mirror-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 8-ին, երբ Wilko խանութում, որտեղ աղջիկը փորձաշրջան է անցել, լի է եղել գնորդներով: Նրան հանձնարարել են ապրանքները շարել դարակների վրա, սակայն աղջկան այդ գործն արագ ձանձրացրել է: Նա վառել է դատարկ արկղի մի անկյունը, որպեսզի խանութի ղեկավարությունը զբաղվի կրակը մարելով եւ իրեն տուն թողնի: Արդյունքում կրակն արագորեն տարածվել է պահեստում, իսկ հետո՝ նաեւ խանութում: Հրդեհը մարելու համար հրշեջների 5 մարտական հաշվարկ է ժամանել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Նախօրեին կայացած դատական նիստի ժամանակ դատախազը նշել է, որ հաճախորդների եւ անձնակազմի շրջանում կարող էին զոհեր լինել, սակայն մարդկանց հասցրել են արագորեն տարհանել: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հրդեհի հետեւանքով խանութին 1 մլն ֆունտ սթեռլինգի վնաս է հասցվել:

Դատարանում աղջիկն անկեղծորեն մեղանչել է՝ հայտարարելով, որ չէր ցանկանում ոչ ոքի վնասել: Դատավորը նշել է, որ անհանգստացած է միջադեպի առիթով եւ ցնցված է, որ լավ ընտանիքից օրինակելի աշակերտուհին որոշել է նման բան անել՝ առանց մտածելու հետեւանքների մասին:

Աղջկան գրավի դիմաց ազատ են արձակել եւ ստիպել խոստանալ, որ ցանկացած առեւտրի կետ կայցելի մեծերի ուղեկցությամբ, իսկ վերանորոգված Wilko խանութի կողքով 100 մետր հեռավորությամբ կանցնի: